«Կարող է ապագայում մեծ աղետի հանգեցնել»․ Ալիևը նոր մեղադրանքներ է հնչեցրել

Ապրիլի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է նախկին արտգործնախարար, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր և ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուին։
Հանդիպմանը Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ հարգանքով է վերաբերվում Մևլութ Չավուշօղլուին, բարձր է գնահատել նրա աջակցությունը Ադրբեջանին բոլոր ժամանակներում և նշել, որ ադրբեջանական ժողովուրդը մեծապես գնահատում է դա։ Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ 44–օրյա պատերազմի ժամանակ Մևլութ Չավուշօղլուն անընդհատ կարևոր հայտարարություններ էր անում։ Այս հայտարարություններն իրենց հերթին էական դեր են խաղացել Ադրբեջանի գործերին միջամտելու մտադրություն ունեցողների գործողությունները ճնշելու գործում։
▪️Երկրի ղեկավարը նշել է ադրբեջանա-թուրքական միության հետագա ամրապնդման կարևորությունը և ընդգծել, որ ներկայումս գործընթացներն աշխարհում ընդհանրապես և Հարավային Կովկասում հատկապես շատ վտանգավոր վեկտոր են ստացել։ Նախագահը հավելել է, որ այս առումով Ադրբեջանն իրավացիորեն արտահայտում է իր մտահոգությունը, քանի որ Հարավային Կովկասի համար կազմված ծրագիրը կարող է ապագայում մեծ աղետի հանգեցնել։
▪️Իլհամ Ալիևն ասել է, որ Արցախի օկուպացիան անհանգստացրել է որոշ ուժերի։ Իլհամ Ալիևն ասել է, որ այդ ժամանակվանից մինչ օրս ճնշումները Ադրբեջանի վրա շարունակվել են։
▪️Անդրադառնալով Բրյուսելում ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի միջև այսօր կայացած եռակողմ հանդիպմանը՝ պետության ղեկավարն ասել է, որ դա սպառնալիքի ևս մեկ աղբյուր է ստեղծում Հարավային Կովկասի համար։ Իլհամ Ալիևը նշել է, որ թեև վերջին օրերին ԱՄՆ-ի և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները սեփական նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում փորձել են համոզել, որ այդ հանդիպումը ուղղված չէ Ադրբեջանի դեմ, սակայն ինքն այդ հանդիպումը համարում է որպես բաժանարար գծերի ստեղծում և Ադրբեջանի մեկուսացում։
▪️Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ նշել է, որ անցյալ տարվա սեպտեմբերից մինչ օրս Ադրբեջանի դեմ հնչեցված Եվրախորհրդարանի հայտարարությունները, Հայաստանը Հարավային Կովկասում զինված ֆորպոստ դարձնելու փորձերը ապագայում շատ մեծ հետևանքներ կունենան։ Ուստի Բաքուն հայտարարություններ է արել՝ զգուշացնելով ԱՄՆ-ի և Եվրոպայի գործընկերներին այդ մասին։ Ընդգծելով, որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, երկրի նախագահը նշել է ադրբեջանա-թուրքական ամուր միասնության պահպանման կարևորությունը և վստահություն հայտնել, որ այդ միասնությունը խախտելու ցանկացողների երազանքներն ապարդյուն են։