«Ռուսաստանն ընդունում է նոր իրողությունները»․ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հասցեին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «ԱՄՆ-ն և Ֆրանսիան պետք է ընդունեն Հարավային Կովկասի նոր իրողությունները»։ Այս մասին հաղորդում է «Interfax»–ը։
Չորեքշաբթի օրը Բաքվում Ալիեւը գերմանացի ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։
«30 տարի շարունակ համանախագահները (ԵԱՀԿ Մինսկի խումբ)՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը, ոչ մի քայլ չեն ձեռնարկել արդարությունը վերականգնելու համար։ Եվ երբ մենք սկսեցինք «ազատագրել» (օկուպացնել – խմբ․) մեր հողերը, այս երեք երկրներն սկսեցին ճնշում գործադրել մեզ վրա։ Նրանցից յուրաքանչյուրը դրա համար օգտագործել է տարբեր գործիքներ ․․․ Նրանցից ոմանք դեռ սխալվում են։ Նկատի ունեմ ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Կարծում եմ, որ Ռուսաստանը հիմա լավ է հասկանում, թե ինչ է կատարվում և ընդունում է նոր իրողությունները»,- նշել է Ալիևը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նույնպես պետք է ընդունեն նոր իրողություններ Հարավային Կովկասում։ «Այդ երկրները պետք է աշխատեն Ադրբեջանի հետ, որն առաջատար երկիր է Հարավային Կովկասում»,- ընդգծել է պետության ղեկավարը։