Ոսկեհասկում հարևանի շունը հարձակվել է բնակիչների վրա. բոլորը հիվանդանոցում են, 4-ամյա երեխայի վիճակը ծանր է

Հասարակություն 16 հուլիսի 2024, 18:47
Main Image

Հուլիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ամասիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամասիա խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարցակվել է քաղաքացիների վրա և կան տուժածներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ նշված գյուղից Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ 4-ամյա Սամվել Մ․-ն, 25-ամյա Ռուստա Բ․-ն, 56-ամյա Քաջիկ Բ․-ն, 59-ամյա Շիրակ Ն․-ն և 42-ամյա Նառա Մ․-ն։

Գյուղ են մեկնել փրկարարները, որպեսզի կարողանան հայտնաբերել ու վնասազերծել շանը։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխայի վիճակը ծանր է, գիտակցությունը տեղն է, մնացած վիրավորները մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ:

Շունը, որը հարձակվել է նրանց վրա, տուժածների հարևանինն է եղել։