Էրդողանը կհեռանա՞ քաղաքականությունից․ նոր մանրամասներ

Աշխարհ 13 մարտի 2024, 14:48
Main Image

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել, եթե խորհրդարանը  արտահերթ ընտրությունների մասին որոշում կայացնի, հայտարարել է երկրի արդարադատության նախարար Յըլմազ Թունջը։

Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վերջինը կլինեն իր քաղաքական կարիերայում։ Թուրք նախագահը կոչ էր արել քվեարկել այնպես, որ Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի քաղաքապետի ընտրություններում հաղթեն իշխող կուսակցության ներկայացուցիչները, այլ ոչ թե գործող ընդդիմադիր քաղաքապետերը, և դրանով իսկ ապրիլի 1-ին սկսվի «նոր դարաշրջան»։ Թուրքիայի իշխող կուսակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանի հայտարարությունը չի նշանակում հեռանալ քաղաքականությունից»։

«Մեր սահմանադրության 101 հոդվածի համաձայն՝ նախագահն ընտրվում է հինգ տարով եւ ընտրվում է երկու ժամկետով։ Սակայն 116 հոդվածի երրորդ կետով, եթե Թուրքիայի Ազգային մեծ ժողովը  (խորհրդարան) որոշում ընդունի ընտրությունների մասին (գործող) նախագահի երկրորդ ժամկետի ընթացքում, ապա դա կհամապատասխանի 360 պատգամավորների մեծամասնությանը երեք հինգերորդով։ Եթե նոր ընտրությունների անցկացման որոշում ընդունվի երեք հինգերորդով, ապա երրորդ ժամկետի հնարավորություն կբացվի»,- ասել է նա TELE1 հեռուստաալիքին։

2017 թվականին Թուրքիան դարձավ նախագահական հանրապետություն հանրաքվեի արդյունքում։ Գործող սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարը կարող է պաշտոնավարել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ։ 2023 թվականի մայիսին Էրդողանը վերընտրվեց երկրորդ՝ հինգ տարի ժամկետով։