Պեսկովը՝ ռուս սահմանապահների դուրսբերման մասին

Քաղաքականություն 09 մայիսի 2024, 16:49
Main Image

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման մասին Հայաստանի մի շարք շրջաններից:

Նա հավելել է, որ նրանք կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին։

«Այո, դա ճիշտ է, 2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականներն ու սահմանապահները տեղակայվել են Հայաստանի մի շարք շրջաններում, Փաշինյանն ասել է, որ այսօր փոխված պայմանների պատճառով նման բան անհրաժեշտություն չկա, ուստի նախագահ Պուտինը համաձայնել է, և համաձայնեցվել է մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը»,- ասել է Պեսկովը «Ինտերֆաքս»-ին:

Միաժամանակ նա նշել է, որ կրկին հայկական կողմի խնդրանքով սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։

«Նրանք կմնան այնտեղ և կշարունակեն կատարել իրենց գործառույթները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ընդհանուր առմամբ, ըստ Պեսկովի, Պուտինի և Փաշինյանի հանդիպմանը «հիմնականում քննարկվել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան»: