Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում․ Պեսկով

Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, իսկ Ռուսաստանում նրանց սիրում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ելույթ ունենալով «Գիտելիք. առաջինները» ուսումնական մարաթոնին։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Գիտե՞ք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում», – ասել է նա՝ պատասխանելով փառատոնի մասնակիցներից մեկի հարցին, ով ղեկավարում է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ադրբեջանցի երիտասարդների միությունը։ «Եվ նրանք ռուսաստանցիներ են։ Եվ նրանք այստեղ իրենց լավ են զգում, և մենք սիրում ենք նրանց, և նրանք սիրում են մեզ, և մենք այսպես ապրել ենք դարեր շարունակ և կապրենք դարեր շարունակ»,- հավելել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների «առանձնահատուկ բնույթը»։
Նա նշել է, որ հայ ժողովուրդը շահում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունից և Եվրասիական տնտեսական համայնքին Հայաստանի անդամակցությունից, քանի որ աճում են ապրանքաշրջանառությունը, տրանսպորտային ծառայությունները և ֆինանսական հատվածը։
«Մենք դեմ ենք որևէ մեկին որևէ բան թելադրելուն։ Մենք միասին գումար վաստակելու, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալու համար ենք։ Մենք վստահ ենք, որ մեր հայ ընկերները նույնպես դա հասկանում են»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ նախկին Խորհրդային Միության տարածքում Հայաստանն ամենադինամիկ զարգացող երկիրն է, քանի որ 2023 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քան 15 տոկոս։ «Նույնիսկ համաշխարհային չափանիշներով կարելի է ասել, որ Հայաստանը առաջատար է»,- ընդգծել է Պեսկովը՝ հավելելով, որ դա մասամբ պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության հետ «շատ սերտ փոխշահավետ համագործակցությամբ»։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը այժմ իրականացնում են «մի շարք կարևոր նախագծեր»։ «Մենք կշարունակենք դրանք իրականացնել»,- հավելել է Պեսկովը։