Պեսկովը մեկնաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերումը

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում առկա դժվարությունները կանցնեն, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովի խոսքով՝ երբեմն կարող են սրվել հարևան երկրների միջև կապերը։
«Այստեղ պահանջվում է քաղաքական կամք, մեր կողմից դա կա, կառուցողականությունն ու հեռատեսությունը, երկու երկրների ղեկավարների քաղաքական հեռատեսությունը, մեր կողմից էլ կա։ Ուստի վստահ եմ, որ այս բոլոր դժվարությունները կանցնեն»,- ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը տեղյակ չէ Հայաստանի կառավարության որոշումներից՝ ռուս սահմանապահներին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերելու վերաբերյալ։
«Ինչ վերաբերում է «Զվարթնոցից» սահմանապահներին, ապա, որքան հասկանում ենք, այդ հարցով որոշումներ չեն եղել»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Նա հավելել է, որ կողմերը շարունակում են աշխատել բոլոր ոլորտներում՝ ԱՊՀ և ԵԱՏՄ կառույցների շրջանակներում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների մակարդակով։