Պլաստիկ վիրահատության ժամանակ կրկին մահվան դեպք ՀՀ-ում․ ՀԺ

Հայաստանում պլաստիկ վիրահատության ժամանակ կրկին պացիենտի մահվան դեպքի մասին է հայտնի դարձել:
Օրերս հայտնել էինք, որ «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում քթի պլաստիկ վիրահատության ժամանակ 32-ամյա բուժառուն մահացել էր։ Բժշկական կենտրոնի փոխտնօրենը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ դեպքը ոչ թե բժիշկների սխալի հետևանքով է, այլ՝ հազվադեպ հանդիպող հիվանդության, այն է՝ պացիենտի օրգանիզմը նարկոզ չի ընդունում, և մարդու մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, ինչն էլ հանգեցնում է մահվան: (Ամբողջական նյութը կարող եք կարդալ՝ այստեղ):
Այս անգամ մահվան դեպքը գրանցվել է «Էվա Մեդ» բժշկական կենտրոնում. մահացողը Երևանի բնակիչ 69-ամյա Լուսնթագ Բ․-ն է, որը որոշել էր պլաստիկ վիրահատություն կատարել:
«Հայկական ժամանակ»-ն այցելել է «Էվա Մեդ» բժշկական կենտրոն և կլինիկայի գլխավոր բժիշկ Հովհաննես Ասլանյանի հետ զրուցել կատարվածի մասին:
Ըստ նրա՝ կինը էսթետիկ տեսք ունենալու համար դիմածնոտային հատվածի պլաստիկ վիրահատության համար է դիմած եղել: Բժիշկը վստահեցնում է՝ մինչ վիրահատությունն անհրաժեշտ բոլոր հետազոտություններն արվել են, նա առողջական որևէ խնդիր չի ունեցել, վիրահատության ռիսկն էլ գնահատվել է ոչ բարձր։
Վիրահատությունը կատարել է կլինիկայի հետ համագործակցող բժիշկ, Ուզբեկստանի քաղաքացի, սակայն ազգությամբ հայ 30-ամյա Ռաֆայել Առուշանովը: Ասլանյանի խոսքով՝ անձնակազմն է բժշկին տրամադրել կլինիկան, պայմաններ ստեղծվել, որ վիրաբույժը առանց որևէ խնդրի կարողանա գործել: Միջամտությունը կատարվել է մայիսի 30-ին:
«Բարդությունն առաջացել է վիրահատական միջամտության ընթացքում։ Ցավոք, պետք է նշեմ, որ այս ողբերգության պատճառը վիրահատությունն է եղել. եթե կինը չգնար դրան, հիմա ողջ կլիներ։ Այնուամենայնիվ, պետք է ընդգծեմ, որ չենք կարող մահվան վերջնական պատճառների մասին ենթադրություններ անել, որովհետև նախաքննությունն է ընթանում, վստահ եմ՝ օբյեկտիվ կլինի»,- ասում է նա:
Ասլանյանի խոսքով՝ բարդությունն անկանխատեսելի է եղել, սակայն հստակ պնդել, թե ով է մեղավորը կնոջ մահվան համար, հնարավոր չէ․ «Հիվանդներին սովորաբար զգուշացնում ենք, որ բարդություն հնարավոր է, բայց 69-ամյա կինը առողջական խնդիր չուներ, որ ասենինք, թե էսթետիկ տեսքի համար չպետք է գնար այդ քայլին։ Ես իմ կարծիքն ունեմ, սակայն քննությունը կընթանա, կստեղծվի բժշկական հանձնաժողով, ու ավելի կոմպոնենտ մոտեցում կունենանք հարցին»։
Կլինիկայի հետ համագործակցության պայմաններով աշխատում է նաև անեսթեզիոլոգը, մանրամասնում է գլխավոր բժիշկը։ Ըստ նրա՝ նա հենց վիրահատության ընթացքում է նկատել բարդությունը և անմիջապես կանխարգելող միջոցառումներ իրականացրել։ Զրուցակիցը հավաստիացնում է, որ անեսթեզիոլոգն իր աշխատանքն այդ իրավիճակում անթերի է կատարել։
Հարցին՝ այդ դեպքում նշանակում է, որ բժիշկն է ոչ այդքան լավ կատարել իր աշխատանքը, Ասլանյանն ասում է՝ չի կարող հստակ ասել, չունի այդ հարցի պատասխանը:
Կլինիկայի գլխավոր բժշկի մանրամասնում է, որ վիրաբույժը, որի հետ համագործակցել են, ունեցել է համապատասխան բժշկական լիցենզիա, իրավունք՝ Հայաստանում նման գործունեություն ծավալելու։
Շարունակությունը՝ այստեղ