Ինչ վիճակում են Երևան-Սևան ճանապարհի պայթյունի հետևանքով հոսպիտալացվածները․ մանրամասներ

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը՝ ծայրահեղ ծանր։
ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։
Բժիշկների գնահատմամբ՝ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, պայթել էր հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Չ․-ն (ծնված 1991 թ․), այնուհետև տեղափոխվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963 թ․). Լ. Հ․-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: