Հայ Առшքելшկան եկեղեցին կդիմի ԿԳՄՍՆ-ին․ Aravot

Հասարակություն 03 հունիսի 2024, 23:22
Main Image

Վերականգնող ճարտարապետ Գարեգին Կնյազյանը խնամքով դեռեւս թղթի վրա վերականգնել է միջնադարի ճարտարապետական գլուխգործոց  համարվող Աղջոց վանական համալիրը:  Գեղարդից 7 կմ դեպի հարավ արեւելք լեռան լանջին է գտնվում երբեմնի վեհաշուք այս վանքը, այն  ավերածություններից   թեեւ  խոնարհվել, բայց չի կորցրել իր վեհությունը: 

«Աղջոց համալիրը նշանավոր է նրանով, որ ըստ Հայ Առաքելական եկեղեցու սրբազան ավանդության, հիմնվել է  առաջին հայրապետի՝ Գրիգոր Լուսավորչի կողմից, հիմնվել է որպես կուսանաց վանք: Վայրն էլ ընտրվել է  այն տեղանքը, որտեղ նահատակվել է Հայաստանում 3-րդ դարի երկրորդ կեսին Քրիստոսի քարոզչության գործ կատարած անձանցիցի մեկը Սուրբ Ստեփանոս քահանան»,- Aravot-ին պատմեց պատմաբան Արմեն Մալխասյանը: 

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն էլ պատմեց, որ Գեւորգ Ալիշանի պեղած տեղեկությունների համաձայն վանքը պետք է, որ հիմնված լինի 4-րդ դարում: Ի սկզբանե, որպես սրբավայր է եղել, իսկ որպես վանք ձեւավորվել 13-րդ դարում ի պատիվ հռիփսիմյան կույսերի էլ անվանվել  է Աղջկոց, այսինքն՝ աղջիկների վանք:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին վանքի  գլխավոր եկեղեցին է, ունի ներքուստ խաչաձև, 4 անկյուններ ու մեկհարկ ավանդատներով, գմբեթավոր հորինվածք: 


Սուրբ Ստեփանոս եկեղեցու արևմտյան կողմում գտնվում է Գավիթը: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին, որի ծածկը իրականացված է եղել երկու զույգ փոխհատվող կամարներով: Պահպանվել է միայն արևելյան պատերի մի մասը:Համալիրի առավել ուշագրավ հուշարձաններից է եւ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին,  որը գտնվում է Ս. Ստեփանոս եկեղեցու հյուսիսային կողմում: Արևմտյան դռան ճակատակալ քարի վրա պահպանվել է 13-րդ դարում եղծված շինարարական արձանագրությունը: 

Պարզ հատակագծով, արևելյան կողմից կիսաշրջան ավագ խորանով, երկու կողմերից ավանդատներ ունեցող թաղածածկ կառույց է: Եկեղեցու արևմտյան մուտքի երկու կողմերում Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների հարթաքանդակներն են, որոնք միջնադարյան քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից են: