«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Ֆիզիկական ներգործություն և խուլիգանություն կատարելու համար քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել:
Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ:
«2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող ակումբում կռիվ է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից), որի շրջանակներում ձեռնարկված վարութային, քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ:
Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ 2024թ. ապրիլի 20-ին՝ ժամը 01:00-ից մինչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում, նշված ակումբում, դրանից հետո՝ նաև ակումբին հարակից և բնակելի շենքերի տարածքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ն իր մի խումբ համախոհների հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանել է այլ անձանց հետ և ինքնահաստատման ու հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով տևական ժամանակ աղմկել, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ են հնչեցրել վերջիններիս հասցեին՝ չենթարկվելով հասարակական կարգի խախտումը խափանել փորձող ինչպես նշված ակումբի անվտանգության աշխատակիցների, այնպես էլ՝ այլ անձանց հորդորներին:
Իրենց այդ հակաիրավական և հակաբարոյական գործողություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ հիշյալ անձը և քննությամբ ինքնությունները չպարզված անձինք խոչընդոտել են ակումբի բնականոն աշխատանքը, տարածքում գտնվող անձանց մոտ վախի ու անհանգստության մթնոլորտ առաջացրել՝ խախտելով վերջիններիս անդորրը:
Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև իր հետ վիճաբանող անձի նկատմամբ կատարել է ֆիզիկական ներգործություն՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։
Նկատի ունենալով քննությամբ ձեռք բերված այս նոր հանգամանքները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ֆիզիկական ներգործությունը) ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:
2024 թվականի ապրիլի 23-ին Ոստիկանության ծառայողների կողմից վերոհիշյալ անձը ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից) և 195-րդ հոդվածի 1-ին մասով (Ֆիզիկական ներգործությունը):
Վարույթն իրականացնող մարմինը վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով /քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելը/ նախաձեռնված քրեական վարույթը, նույն անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, սույն թվականի մարտի 26-ին ուղարկվել էր դատարան, ներկա պահին գտնվում է դատաքննության փուլում, որով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել գրավը։
Ակումբում տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ մասնակից մյուս անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ: