Մի՛ արեք դա, իմ պարտքն է զգուշացնել նրանց, որ դա իսկապես վտանգավոր է․ Ալիևը նորից սպառնացել է

Մեր առաջարկն էր սահմանազատումն սկսել «Ղազախի շրջանի օկուպացված գյուղերից» (Տավուշի սահմանամերձ 2.5 գյուղերը – խմբ․)։ Մենք հայկական կողմին ասել ենք, որ եթե իսկապես ցանկանում են առաջ գնալու իրենց պատրաստակամությունը դրսևորել, թող դա անեն։ Քանի որ դրանք բնակեցված գյուղեր էին և ոչ թե անմարդաբնակ բլուրներ, որոնք կարելի էր վիճարկել։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում։
«Առայժմ Հայաստանին սպառազինության մատակարարումների մակարդակը, որոնցից մի քանիսը վտանգավոր են, կրիտիկական չէ։ Այսպիսով, իմ ուղերձը Հայաստանին՝ կրկին օգտագործելով այս հարթակը. մի՛ արեք դա: Իմ պարտքն է զգուշացնել նրանց, ինչպես նաև նրանց ետևում կանգնածներին և նրանց շահարկողներին, որ դա իսկապես վտանգավոր է: Նրանք պետք է լսեն իմ խոսքերը։
Հայաստանը կարող է դառնալ գլոբալ առճակատման հերթական թեկնածուն։ Նրանց կարող են օգտագործել որպես Արևմուտքի և Ռուսաստանի միջև գլոբալ առճակատման մաս, և նրանց որոշելիքն է, թե արդյոք դա իրենց համար լավագույն սցենարն է»,– ասել է նա։