Հայտնաբերվել է Հանրապետությունը ցնցած 36 կգ ոսկի ու մի քանի մլրդ դրամ գողություն կատարած կասկածյալներից մեկը (տեսանյութ)

Երեկ՝ ապրիլի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել ու վնասազերծել են օրերս 36 կգ ոսկյա ձուլակտորների և խոշոր չափի գումարն ավազակային հարձակմամբ հափշտակող կասկածյալներից մի քանիսին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ գողոնի մի մասը «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևանից տեղափոխում են։ Անմիջապես իրականացվել է հատուկ օպերացիա։ Ոստիկանները վստահ լինելով քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկատվության հավաստիությանը, հանձնարարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզերի գումարտակների պարեկներին, որպեսզի անցնեն ուժեղացված ծառայության։
Արդեն Արարատի վարչական տարածքում ոստիկանների ու պարեկների տեսադաշտում է հայտնվել կասկածելի «Mercedes Vito»-ն ու վայրկյանների ընթացքում ոստիկաններն ու պարեկները ասֆալտին են փռել կասկածյալի։ Արդեն ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է գողացված ոսկյա ձուլակտորներից 2-ը և գումարի մի մասը։ Նշված վայրից 2 հոգի բերման են ենթարկում ոստիկանության Մալաթիայի բաժին։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում։
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ժամը 07:55-ին քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում, և նրանց թալանել են: Ահազանգից անմիջապես հետո Արմավիրի մարզի Փարաքար համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել էր «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, իսկ մայթեզրին գտնվել էր 3 անձ, որոնց ձեռքերն ամրակցված էին եղել ձեռնաշղթաներով:
Դեռևս քննությամբ ստուգման ենթակա տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ապրիլի 10-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում, դիմակավորված, ատրճանակներով զինված առնվազն 4 անձ ավտոմեքենայով կանգնեցրել էր վերը նշված 3 անձանցից մեկի վարած «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, վարորդին ու 2 ուղևորներին բռնություն գործադրելով՝ իջեցրել ավտոմեքենայից, պառկեցրել գետնին ու ձեռնաշղթաներ հագցրել։ Այնուհետև արցունքաբեր գազ կիրառելով՝ հափշտակել էին բեռնախցիկում գտնվող ճամպրուկների և պայուսակների մեջ եղած մոտ 1 միլիարդ 24 միլիոն ՀՀ դրամ գումարին համարժեք՝ շուրջ 36 կիլոգրամ ոսկյա երեք ձուլակտոր, մոտ 1 միլիարդ 216 միլիոն ՀՀ դրամին համարժեք 293 միլիոն ռուբլի գումարը և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ 3 անձինք ճանաչվել են տուժող։