Երբ պետք լինի՝ հանելու ենք ռուսական ռազմաբազան․ Խաչատրյան

Հայաստան Քաղաքականություն 03 ապրիլի 2024, 14:20
Main Image

Հայաստանը երբևէ այսքան բարձր սուբեկտայնություն չի ունեցել, որքան հիմա։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ Այս մասին հաղորդում է ՀԺ–ն։

«Հայաստանի հետ հաշվի են նստում թե՛ Արևմուտքը, թե՛ ԱՄՆ-ն, և շատ այլ ռազմավարական հարցեր են քննարկվում։ Այն ժամանակներում, այո՛, Մարի Զախարովայի երկրում էր որոշվում շատ հարցեր, թե Հայաստանը որտեղ պետք է գնա և այլն։ Անվտանգության հետ կապված էլ պետք է ասեմ, որ Հայաստանը բազմաշերտ է սարքում իր անվտանգային համակարգն ու ամեն ինչ անելու է, որպեսզի դա բավարարի այսօրվա պահանջներին, դա հիմա ում է դուր գալիս կամ ում դուր չի գալիս, էական չէ»,- նկատեց նա:

Ըստ պատգամավորի՝ Հայաստանը տեսել է այն անվտանգային համակարգը, որը եղել է. «Ընդամենը թղթի վրա գրված պայմաններ են եղել, որոնք ի կատար չեն ածվել։ Դրա չգործելու հետևանքով այսօր Ադրբեջանը 150 կմ քառակուսի տարածք է օկուպացրել և այլն: Մենք այլևս անհիմն վստահելու կամ հավատալու իրավունք չունենք և գործնական քայլերի ենք դիմել բոլոր ուղղություններով»։

Անդրադառնալով այն հարցին, թե ռուս սահմանապահները անվտանգության հարցում լուրջ դերակատարություն ունեն՝ Խաչատրյանը նկատեց․ «Այո՛, ունեն, բայց պետք է ասենք հետևյալը՝ ռազմաբազան գոյություն ունի, ամեն դեպքում Հայաստանի նոր անվտանգային համակարգի գծագրությունից պարզ կդառնա, թե մեր հետագան ինչպես է լինելու։ Պետք է ասեմ, որ այդ ռազմաբազան ոչնչով չօգնեց, երբ գրավեցին ՀՀ սուվերեն տարածքները: Այս պահին ֆիզիկապես կանգնած են սահմանին, բայց որևէ դրական դերակատարում չունեցան, երբ ՀՀ-ին կոնկրետ սպառնալիքներ կային ու այսօր էլ կա»:

Ըստ նրա՝ երբ պետք լինի, ռուսական ռազմաբան հանելու են Հայաստանից: