Պայթյուն՝ Երևանում «Թումանյան» շաուրմայանոցի դիմաց

Հասարակություն 23 հուլիսի 2024, 22:13
Main Image

Այսօր՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Թումանյան» շաուրմայանոցի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով ավտոմեքենայի դիմապակին շպրտվել է, իսկ վարորդը, ում առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 43 երթուղու ավտոբուսի վարորդը, ավտոբուսում պահվող կրակմարիչով (ագնետուշիտել) կարողացել է արագ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։

Այրվածքներ ստացած վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Այրվացքաբանության ազգային կենտրոն, սակայն վարորդի՝ դեպքի վայրում հավաքված ընկերներից մի քանիսն էլ նշում էին, որ այնտեղից նրան տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի մասին Ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 34-ամյա Մհեր Կ․-ն է։

Այժմ պարզվում է, թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում պայթյուն տեղի ունեցել։

Ավտոմեքենան շահագործվում էր հեղուկ գազով։