Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ալիևին համոզել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ալիևին համոզել, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու գործընթացին ձեռնամուխ լինի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Բացատրել է, որ եթե ուզում ես մնամ և քո բոլոր պահանջները կատարեմ, պետք է ինձ 2 տարի ժամանակ տաս, որ վերարտադրվեմ։ Հետո արդեն ինչ ուզենք, կանենք։ Սրանով է թերևս պայմանավորված այն, որ վարչապետը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին հանձնարարել է նոր սահմանադրության հայեցակարգը ներկայացնել 2026-ի դեկտեմբերին, երբ համապետական ընտրություններն ավարտված կլինեն։ Իմաստն այն է, որ հայ ժողովրդի տիեզերական համբերությունն էլ կարող է սպառվել, եւ նա գուցե ընդվզի Սահմանադրություն փոխելու Ալիևի այդ պահանջի պատճառով։ Արդյունքում ոչ միայն սահմանադրական հանրաքվեն կտապալվի, այլև իշխանության կգան «ռևանշիստները»։ Իսկ Ալիևը, ինչպես ՔՊ-ական մեր աղբյուրն ասաց, սարսափում է նախկիններից եւ համաձայն է ամեն ինչ անել, որ ազգայնական ուժերը Հայաստանում չգան իշխանության։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ կուզեր, որ հանրաքվեն և ընտրությունները նույն օրն անցկացնեին, որ հանրաքվեն չտապալվեր՝ քվորումի բացակայության պատճառով։ Սակայն օրենքը դա թույլ չի տալիս։ «Հանրաքվեի մասին» օրենքի 6-րդ կետը մասնավորապես սահմանում է․ «Հանրաքվեն չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից։ Հանրաքվեն չի կարող անցկացվել նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը»։ |