Նոր հանցագործության տեսակ. Երեւանում կեղծում են փաստաթղթեր ու վաճառում են արտագաղթածների բնակարաններ. Հետք

Հասարակություն 29 հունիսի 2024, 20:41
Main Image

«Հետք»-ը գրում է.

Մի պահ պատկերացրեք, որ մի քանի ամսով երկրից բացակայել եք կամ ապրում եք արտերկրում և Հայաստանում բնակարան ունեք։ Մի օր վերադառնում եք, փորձում ձեր տան դուռը բացել և տեսնում եք, որ փականը փոխված է, իսկ տանն այլ մարդիկ են ապրում։ Հետո պարզում եք, որ այդ մարդիկ ձեր բնակարանը գնել են լրիվ անծանոթ մարդկանցից։ Պարզվում է, որ նման դեպքեր պատահել են բազմաթիվ քաղաքացիների հետ, իսկ իրավապահ մարմինները տարիներ շարունակ չեն կարողանում բացահայտել խարդախության այս թնջուկը։

Լիաննա Վասակյանը 20 տարուց ավել է՝ Հայաստանում մշտապես չի բնակվում, տարվա ընթացքում մի քանի անգամ է գալիս։ Լիաննան Երևան քաղաքի Նալբանդյան 116 հասցեի շենքում կողք կողքի երկու բնակարան ունի: Մեկում իրենք են ապրում, երբ Հայաստան են գալիս, մյուսը՝ հանձնում են վարձակալության։ 2023թ. հունիսի 1-ին Լիաննային տեղեկացրել են, որ իր երկու բնակարանների կողպեքները փոխված են, դռները՝ վնասված։

2023թ. մայիսի 28-ին Արաքսյա Գրիգորյանը փակել է Վասակյանից վարձակալած բնակարանի դուռն ու հեռացել (բնակարանը վարձակալել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը): Օրեր անց՝ հունիսի 1-ի երեկոյան, վերադառնալով վարձակալած բնակարան՝ Արաքսյան նկատել է, որ դռան փականը փոխված է, իսկ հարևանությամբ գտնվող Վասակյանի մյուս բնակարանի դուռ՝ վնասված: Անմիջապես զանգահարել է Լիաննային, տեղեկանալու՝ արդյոք նա՞ է փոխել դռան փականը։ Տեսազանգի ընթացքում, երբ տեսախցիկով ցույց է տվել դռները, Լիաննան նկատել է, որ փոխված է նաև մյուս տան դռան փականը։ Լ. Վասակյանը հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ, Ա. Գրիգորյանին ասել է, որ շտապ Ոստիկանություն կանչի։

Ոստիկանությունից տեղում արձանագրություն են կազմել, փրկարար ծառայության աշխատակիցները կոտրել են փոխված փականները, փականագործը նորն է տեղադրել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի ժամանակ հայտնի է դարձել, որ Երևանում նմանատիպ մի շարք դեպքեր են եղել, որոնցով նույնպես նախաձեռնված քրեական վարույթներ կան: Քննչական կոմիտեի քննիչը որոշում է կայացրել Լիաննա Վասակյանի բնակարանի դեպքով նախաձեռնված վարույթը միացնել մյուս վարույթներին և քննել մեկ վարույթի շրջանակներում:

Երբ Լ. Վասակյանը ժամանել է Հայաստան, Քննչական կոմիտեի քննիչ Արտյոմ Փիլոյանը 2023թ. օգոստոսի 29-ին Լիանա Վասակյանին տուժող է ճանաչել:

«Մեր երկու դռների կողպեքներն էլ շատ թանկարժեք, ոչ սովորական կողպեքներ էին և դրանք առանց էլեկտրական սղոցի բացել հնարավոր չէր, դուռը բացողները էլեկտրականություն բերել են դիմացի տնից, այնտեղ վարձով բնակվում էին ռուս ռելոկանտներ»,- պատմում է Լիաննա Վասակյանը և հավելում, որ շենքի բնակիչները ևս տեսել են՝ բնակարանների դռների փականները փոխվում են, սակայն չեն մտածել, որ սեփականատերերի հետ կապ չունեցող անձինք են:

Նրա խոսքով՝ դեպքի մասին իմանալուց հետո, վարձակալությամբ ապրող ռուս հարևանները, ոստիկաններին պատմել են, որ տանը միայն երեխան է եղել, չի հասկացել, թե ինչ է կատարվում: Անծանոթ մարդիկ խնդրել են գործիքի մալուխը տան վարդակից միացնել, ասել են, որ իրենց տունն է, բանալին կորցրել են, նա էլ չի մերժել։ Լիաննան խոսել է նաև տանտիրոջ հետ, վերջինս ասել է, թե դեպքից մեկ ամիս անց ռուս վարձակալները գնացել են Եվրոպա, իսկ տանտերը մանրամասներից տեղյակ չէ, այդ օրն այդտեղ չի եղել։

Լիաննա Վասակյանը դժգոհ է գործի քննությունից, ասում է, որ սկզբնական շրջանում քննիչը պատշաճ պատասխանել է իր զանգերին, նամակներին: Սակայն հիմա ո՛չ զանգերին է պատասխանում, ո՛չ հաղորդագրություններին, որոնք վերաբերում են գործի քննությանը: Ասում է, որ նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի իրականացնում:

Ավելին՝ նույնիսկ փորձ չեն արել պարզելու՝ տարածքում կա՞ն տեսանկարահանող սարքեր, որոնց միջոցով հնարավոր կլիներ պարզել, թե ովքեր են մտել շենք: Քրոջ դուստրն է գտել տարածքի հարևանությամբ տեղադրված տեսախցիկի սեփականատիրոջը և վերցրել տեսաձայնագրությունը, որը հետագայում փոխանցվել է քննիչին: Տեսագրության մեջ հստակ երևում են մարդկանց դեմքերը, գործիքները, որոնցով կտրել են փականները: Նույնիսկ հստակ երևում է, որ տներից մեկի փականը կտրելու համար գնացել և նոր գործիք են բերել: Իսկ այդ ընթացքում մի մարդ, թուղթը ձեռքին, պարբերաբար գնացել ու եկել է: Լ. Վասակյանը կարծում է, որ այդ մարդն է համակարգել փականների փոխման աշխատանքները:

Լիաննա Վասակյանի ասելով՝ հենց այդ տեսագրության մեջ պատկերված անձանց իրավապահները նույնականացնելով՝ պարզել են, որ նույն անձինք այլ հասցեներում ևս նմանատիպ գործողություններ են իրականացրել: Գտել են գործիքներն օգտագործող անձին, վերջինս ասել է, թե ընդամենը նմանատիպ աշխատանքներ կատարող է, որի մասին հայտարարություն է տարածել: Որևէ մեկին չի ճանաչել, իրեն զանգել, հրավիրել են, որ փականները փոխի: Աշխատանքը կատարել ու հեռացել է։

Հանցավոր խմբի նպատակը բնակարանային գողությունը չէ

Հանցավոր խմբի թիրախը եղել են հիմնականում չբնակեցված տները կամ հողատարածքները: Վերջիններս գողություն կատարելու նպատակով չեն փոխել դռների փականները, այլ կեղծ լիազորագրերով փորձել են վաճառել: Հայաստանում այդ ճանապարհով արդեն մի քանի անշարժ գույք վաճառվել է:

Մասնավորապես՝ Լ. Վասակյանին տուժող ճանաչելու մասին քննիչի որոշման մեջ նշված է, որ 2022թ. Ս. Աբրահամյանի անունից կեղծ լիազորագրեր են կազմվել, ապա դրա հիման վրա տիրացել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Զարուբյան փողոցի X հասցեում գտնվող 134 մլն 400 հազ. դրամ արժողությամբ հողատարածքին: Փորձ է արվել կեղծ եղանակով ձեռք բերել նաև Ս. Աբրահամյանին պատկանող Բաբայան փողոցում գտնվող անշարժ գույքը:

Իրավապահները տվյալներ ունեն, որ ՌԴ քաղաքացի Ա. Շևցովան ու ազգությամբ հայ մի տղամարդ, նախնական համաձայնություն են ձեռք բերել՝ տիրանալու Բաբայան փողոցի հարևանությամբ գտնվող գույքին: Ա. Շևցովան 2022թ. դեկտեմբերի 15-ին կեղծ լիազորագիրն օգտագործել է Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակում, որպեսզի ստանա անշարժ գույքի հատակագիծը, իսկ մոտակա օրերին վաճառի գույքը, սակայն խումբը նպատակին չի հասել, նախաձեռնվել է քրեական վարույթ, և ձերբակալվել են։

Պարզվել է, որ Ս. Աբրահամյանը լիազորագիրը տալու ժամանակ գտնվել է Հայաստանում, հետևաբար չէր կարող Մոսկվա քաղաքի նոտարի մոտ այլ անձի լիազորագիր տալ:

Մեկ այլ դեպքում, հայրը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության բաժին, որ 2023թ. հունիսի 6-ին այցելել է Երևան քաղաքի Աբովյան 26Ա շենքում գտնվող դստեր՝ Մ. Պետրոսյանի բնակարան, սակայն իր մոտ եղած բանալիով չի կարողացել դուռը բացել: Տեսագրությունների ուսումնասիրությամբ պարզել է, որ նույն տարվա հունիսի 2-ին Ռուսաստանում բնակվող դստեր բնակարան ապօրինի մուտք է գործել երկու անձ, ովքեր փոխել են բնակարանի մուտքի և ննջարանի դռների փականները ու մի քանի օր բնակվել են այդ տանը, որից հետո այն վաճառել են:

Ոստիկանության բաժին օրեր անց հաղորդում է ներկայացրել նաև բնակարանի գնորդը: Նա հայտնել է, որ Մ. Պետրոսյանի լիազորված անձ Մահմուջան Մահամաջանի Տուլանովից գնել է Աբովյան 26Ա շենքի բնակարանը, սակայն բնակարանն իրեն չեն հանձնել և այն բնակեցված է այլ անձով:

Նշված դեպքերով բոլոր լիազորագրերը վավերացվել են ՌԴ-ում գործող նոտարական գրասենյակներում, այդ թվում՝ Մոսկվա քաղաքի նոտար, ազգությամբ հայ Մ. Աթոյանի կողմից, սակայն նման գործարքներ վերջինս չի կատարել՝ գրանցամատյաններում բացակայել են այդ լիազորագրերի վերաբերյալ տեղեկությունները:

Լիաննա Վարոսյանն անհանգստացած է, որ իր անձնական տվյալները հայտնվել են այլ անձանց ձեռքում: Վստահ է, որ իր անվամբ ևս կեղծ լիազորագիր է կազմվել, պարզապես հանցագործությունն ավարտին չի հասել, քանի որ ժամանակին են նկատել, որ դռների փականները փոխվել են օտար մարդկանց կողմից:

«Ստացվում է, որ հանցավոր խումբը, իր ձեռքի տակ ունենալով մի քանի տվյալ, օրինակ՝ տան սեփականատիրոջ անձնագրային տվյալները, տեղեկություն այն մասին, որ տանը ոչ ոք չի բնակվում, արագ փոխում է տան կողպեքը, գնորդ գտնում, շուկայականից մատչելի արժեքով տունը վաճառում և անհետանում է, իսկ տանտերերը հաճախ գործարքից հետո էլ տեղյակ չեն լինում, որ խարդախության զոհ են դարձել»,- ասում է Լ. Վասակյանը։

Մարդկանց անձնական տվյալները ինչ֊որ ճանապարհով հասանելի են դառնում զեղծարարներին

Լիաննայի անձնագրային տվյալները, որի միջոցով հնարավոր կլիներ կեղծ լիազորագիր պատրաստել ու տունը վաճառքի հանել, ուներ միայն տների վարձակալությամբ զբաղվող անշարժ գույքի գործակալությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում