Նույնականացվել են Բաղրամյան պողոտայում կատարված անկարգությունների մասնակից 40 անձինք․ ՔԿ

Հասարակություն 13 հունիսի 2024, 17:06

2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ օպերատիվ, լիարժեք և արդյունավետ նախաքննություն կատարելու համար ձևավորվել է քննչական խումբ։ 

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 19:30–ից սկսած, ակցիայի մի խումբ մասնակիցներ սկսել են չենթարկվել տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին։ Նրանք խմբով միմյանց դեպի առաջ և ոստիկաններին հրելու, ճնշում գործադրելու միջոցով փորձել են ճեղքել վերջիններիս կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարեքերի ուղղությամբ: