Պատերազմը չի՛ ավարտվել. Բագրատ Սրբազան

Քաղաքականություն 09 հունիսի 2024, 20:13
Main Image

«Իմ ժողովրդի դստեր վերքը նրանք բուժում էին արհամարանքով և ասում․ «Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն», մինչդեռ խաղաղություն չկար։ Պիտի ամաչես, որ պղծություն գործեցին, սակայն այդպես էլ ամոթ ու ամաչել չիմացան և մտքերում պատկառանք չզգացին» (Երեմիա 6։14-15) Այս մարգարեական խոսքերը չափազանց խորքային իմաստով արտահայտում են մեր իրականությունը, այնպիսի մի իրականություն, որը խաթարել է մեր ներքին անձնական և հավաքական խաղաղությունը՝ վերածելով անպատվության, քաոսի, ատելության, թշնամության ԱՆԱՊԱԳԱ անորոշության և, բնականաբար, դրանից բխած անսահմանափակ վախերի։ Այս մասին այսօր հանրահավաքի ընթացքում ասաց Բագրատ Սրբազանը: 

«Այն խաթարել է նաև և հատկապես մեր արտաքին խաղաղությունը՝ պայմանավորված անվտանգության խնդիրներով, հատկապես հակառակորդ երկրների հռետորաբանությամբ և գործողություններով՝ ստորացումներով և նվաստացումներով, արտաքին աշխարհի բոլոր կողմերի և խաղացողների հետ տարերային, իրադարձային, ոչ թափանցիկ, անվստահելի, անկայուն և մուրացիկ, մշտապես անհասկանալի հարաբերություններով, որոնք ցավոք հանգեցրել են ինքնիշխանության և պետականության իրավահավասարության կորստի՝ անընդհատ մեր պետության և ժողովրդի գլխին պահելով պատերազմի սպառնալիքի վտանգը։

Սիրելի՛ ժողովուրդ, Կեղծ են այն թեզերը, որ այսօր պատերազմ գոյություն չունի և մենք ենք նպաստելու դրա վերսկսմանը։ Սա ամենամեծ կեղծիքն է, քանի որ պատերազմ բերած իշխանությունը չի՛ կարող պատերազմ ավարտել՝ լավագույն դեպքում այն մեզ տանելու է ամբողջական կապիտուլյացիայի, մեր հայրենիքի, պետության և ինքնության և արժանապատվության կորստով։

Պատերազմը չի՛ ավարտվել։ Այն շարունակվում է այս հանցավոր սահմանազատման և սահմանագծման տեսքով, որտեղ ոչ սահմանազատում և ոչ էլ սահմանագծում գոյություն չունի, այլ հարկադրանքի ներքո պարզապես հողերի հանձնում։ Այն շարունակվում է հոգևոր բարոյական արժեքային և քաղաքակրթական իմաստով, ստի ու կեղծիքի տեսքով՝ թշնամության և ատելության քարոզով, սոցիալական արդարության և իշխանության հանցավոր անգործության տեսքով, որում գերակա շահը իշխանական աթոռը պահելն է՝ ի գին պետականության ձախողման և կորստի և ինքնության ոչնչացման։», - նշեց Սրբազանը