Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմը հանդես է եկել հայտարարությամբ

Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմի հայտարարությունը. «Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի հոգևոր դասը և թեմական խորհրդի անդամները դատապարտում են մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած աննախադեպ միջադեպը, երբ ոստիկանները փորձեցին խոչընդոտել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի մուտքը հուշահամալիրի տարածք՝ աղոթք բարձրացնելու առ Աստված 1918 թ. մայիսյան հերոսամարտերի նահատակ հայորդիների հոգիների հանգստության համար: Ինչպես ասում էր երջանկահիշատակ Գևորգ Զ Չորեքչյան Կաթողիկոսը. «Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում», ուստի յուրաքանչյուր հայ քրիստոնյայի պարտքն է բարձր պահել պատիվը Հայոց Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի: |