Սպանություն՝ Օձունում. տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ՝ գլխի շրջանում վնասվածքներով մարմինը

Հասարակություն 27 մայիսի 2024, 22:35
Main Image

Այսօր՝ մայիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օձուն գյուղում սպանություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանը, վարչության պետի ծառայության գծով տեղակալ Հրանտ Վարդանյանը և ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել Լոռու մարզի դատախազ Զորի Բաբայանը։

Մինչ ոստիկանները կժամանեն դեպքի վայր, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։

Ժամանած ոստիկանները նշված տան միջանցքում, գլխի շրջանում ստացած հարվածի հետքերով, հայտնաբերել են նույն տան բնակիչ 64-ամյա Լ. Խեչումյանի դին։